ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ. Պարոն Օսկանյանի և տիկին Զոհրաբյանի «անձնական կարծիքները» հաշիվ չեն

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ. Պարոն Օսկանյանի և տիկին Զոհրաբյանի «անձնական կարծիքները» հաշիվ չեն
10.11.2012 | 20:58

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ինքնահռչակվել է որպես քաղաքական այլընտրանք և արդեն հինգ ամիս է, ինչ փորձում է ձևավորել իր, ըստ էության, անցումային քաղաքական ինքնությունը (չի կարելի բացառել, որ մինչ այդ ինքնությունը սաղմնավորվի ու բյուրեղանա, կարող է պարզվել, որ այն պետք է շատ արագ մոռանալ): Իհարկե, մինչ օրս կուսակցության տարբեր բանախոսների կողմից «անձնական կարծիքի» շրջանակներում տրվել են տարատեսակ մեկնաբանություններ ու հիմնավորումներ, թե ինչպես է դա հնարավոր, բայցև, համաձայնվեք, որ ժամանակ է անհրաժեշտ այս բարդ, համաշխարհային քաղաքագիտական մտքին ու պատմությանն անծանոթ նոր երևույթը մարսելու, մինչև վերջ հասկանալու կամ վերջնականապես չհասկանալու համար: Առաջիկա քաղաքական զարգացումներին ընդառաջ, իհարկե, շատ ու շատ հարցեր կտրվեն, դրանց պատասխաններն էլ կհնչեն կամ չեն հնչի …

Բայց, մինչ այդ:

Այդ ո՞ր հարցերում է դրսևորվում ԲՀԿ-ի այլընտրանքայնությունը: Եթե դա իսկապես այդպես է, ապա պետք է, որ առաջնային դրսևորումներ ստանա նաև մի ոլորտում, որի մասին այդքան շատ խոսվում է և քննարկվում, նաև՝ քննադատվում. խոսքը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին է: Որպեսզի գոնե այս մասով Բարգավաճ Հայաստանը փաստարկի իր քաղաքական այլընտրանքայնությունը, կուսակցությունը պարտավոր է վերջապես համակարգված ներկայացնել իր մոտեցումները մեր պետությանը հուզող արտաքին քաղաքական ու անվտանգային քաղաքականության հետևյալ առանցքային խնդիրների շուրջ:

1.Ինչպիսի՞ն է ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, երկկողմ ու բազմակողմ օրակարգային խնդիրների վերաբերյալ:

2.Ինչպիսի՞ն է ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-ԵՄ, Հայաստան-եվրոպական այլ կառույցներ հարաբերությունների վերաբերյալ:

3.Ինչպիսի՞ն է ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ:

4.Ինչպիսի՞ն է ԲՀԿ-ի մոտեցումները հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

5.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

6.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ:

7.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստանի ռազմաքաղաքական ու անվտանգային առաջնահերթությունների վերաբերյալ:

8.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային խնդիրների, առկա կոնֆլիկտների, Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ:

Ահա, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և ռազմաքաղաքական առաջնահերթություններին վերաբերող հարցադրումների այն նվազագույն շարանը, որոնց վերաբերյալ ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետների հրապարակումը, եթե այդպիսիք արդեն կան, թույլ կտա փորձագիտական ու լրագրողական հանրություններին իշխանությունը և ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերի հետ համեմատության ծիրում կշռել քաղաքական այլընտրանքայնության բարգավաճական իսկությունը: Իշխանությունների տեսակետներն այս հարցերի շուրջ հայտնի են բոլորին, շարադրված են և բազմիցս հնչեցվել են Հանրապետության Նախագահի և արտգործնախարարի կողմից:

Հ.Գ. 1. Ավելորդ է ասել, որ իբրև շարադրված հարցերի պատասխան, հղումը ԲՀԿ-ի ծրագրին, ըստ էության, կնշանակի խուսափում շարադրված հարցերի վերաբերյալ սեփական տեսակետները ներկայացնելուց, քանզի այդ ծրագրերը 6 տարվա ընթացքում սկսել են Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության անհրաժեշտության ձևակերպմամբ, ընթանում են Եվրասիական միության անդամակցության անհրաժեշտության ամրագրումով և միայն Աստված գիտի, թե ինչ ուղղությամբ կշարժվեն ապագայում:

Հ.Գ. 2. Ինքնըստինքյան հասկանալի է, որ հարցադրումների այս շրջանակին համակարգված գրավոր պատասխանների ներկայացումը օգտակար կլինի նախևառաջ իր՝ ԲՀԿ-ի համար, սեփական, թեկուզև անցումային ինքնության ձևավորումն արագացնելու տեսանկյունից: Բայց, համաձայնվեք, սա այն դեպքը չէ, երբ պարոն Օսկանյանը կամ տիկին Զոհրաբյանը կարող են ներկայացնել իրենց «անձնական կարծիքները», նրանց «տեսակետներն» այս դեպքում, ինչպես ասում են, հաշիվ չէ:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7099

Մեկնաբանություններ